Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն(1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մէջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահվում են նրա «Հայոց պատմության» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբյուր են հանդիասցել նաև հայկական բանահյուսությունը և ուրիշ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրայայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բյուրասպի Աժդահակի առասպելը։
Comments
View All Comments
^o^